ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ի՞նչ պատասխանել Ադրբեջանին

Ի՞նչ պատասխանել Ադրբեջանին
21.07.2024 | 16:23

Այսօր Իլհամ Ալիևը հնչեցրել է հին ու նոր մի քանի պահանջներ՝ ադրբեջանցի փախստականների վերադարձ Հայաստան, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին փաստաթուղթ համաձայնեցնել ու փոխել Հայաստանի Սահմանադրությունը։

Իհարկե, կարելի է էմոցիոնալ արձագանքել Ադրբեջանի նախագահի պահանջներին կամ ձև տալ, թե նրա ագրեսիվ հայտարարությունները ներքին լսարանի համար են:

Սակայն այդ ամենն ինքնախաբեություն կլինի, մանավանդ՝ Բաքվին հաջողվել է իր պահանջների մի մասը լեգիտիմացնել միջազգային հարթակներում:

Այնուամենայնիվ, ներկայացնեմ իմ որոշ դիտարկումներ Ալիևի պահանջների վերաբերյալ:

* Փախստականների վերադարձի թեման առնվազն այս պահին քննարկելի չէ: Երկու ժողովուրդների միջև անտագոնիզմի հաղթահարումը տասնամյակներ է պահանջում: Առանց ինստիտուցիոնալ և կայուն խաղաղության հաստատման՝ փախստականների վերադարձն ընդամենը հակամարտության նոր բորբոքման առիթներ է ստեղծելու: Հետևաբար, այս պահին այդ խնդրի քննարկումը բացարձակապես չի նպաստում կարգավորմանը:

* Մինսկի խումբը փաստացի լուծարվել է 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարության հետևանքով, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախն ունիտար Ադրբեջանի մաս ճանաչելով, ըստ էության, փակեց ԼՂ խնդիրը, մանավանդ, որ այդ հայտարարությանը հաջորդեցին Արցախի բլոկադան, էթնիկ զտումներն ու հայաթափությունը: ԼՂ խնդիրը փակված է, ըստ այդմ՝ Մինսկի խումբը կորցրել է իր ակտուալությունը (հատկապես ՝ միջազգային գլոբալ հակադրության պայմաններում), եթե նույնիսկ անչափ դժվար է դա խոստովանելը:

Մյուս կողմից, հայ- ադրբեջանական հակամարտության տրանսֆորմացիան նոր ստատուս-քվո է ստեղծել, ինչը դարձյալ Հայաստանի համար խիստ խոցելի ու վտանգավոր է դարձնում ուղղակի բանակցությունները՝ ուժային ակնհայտ դիսբալանսի պայմաններում: Իմ պատկերացմամբ՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի իրական միջնորդներ ու երաշխավորներ պետք է դառնան տարածաշրջանային գերտերությունները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան:

* Հայաստանի Սահմանադրությունը, դրանում փոփոխությունները երբեք չպետք է դառնան հայ-ադրբեջանական կարգավորման մաս կամ Ադրբեջանի պահանջների թիրախ:

Մյուս կողմից, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո մենք պարտավոր ենք լուրջ քննության առնել 44-օրյա պատերազմի հետևանքներն ու այս առումով պետք է երկրի ներսում ձևավորենք քաղաքական և հանրային կոնսենսուս՝ առանց արտաքին միջամտությունների և ճնշումների: Մնում եմ այն կարծիքին, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է հոդված ունենա այն մասին, որ Հայաստանը տարածքային հավակնություն չունի աշխարհի որևէ երկրի նկատմամբ՝ օրենքից դուրս հայտարարելով բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք կունենան նման օրակարգ և ծրագիր:

Մեր զարգացման ելակետը պետք է դառնա պետության այն տարածքը, որ ՀՀ-ն ժառանգություն է ստացել ՀԽՍՀ-ից:

* Ես, անշուշտ, դեմ եմ Ադրբեջանի պահանջների միակողմանի բավարարմանը և «առանց «բայց»-երի խաղաղությանը, բայց նաև կարծում եմ՝ մենք պետք է քաջություն ունենանք ճանաչել մեր պարտությունը՝ երկրի զարգացման նախադրյալներ ստեղծելու համար:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2237

Մեկնաբանություններ